Օլգա Այվազյանը՝ ամենաթանկ ծննդյան նվերի և սպասվելիք նորությունների մասին

Մայիսի 14-ը տոնական էր երգչուհի Օլգա Այվազյանի համար: Նա նշում էր ծննդայան օրը: HayFanat.com-ի հետ զրույցում երգչուհին ասել է, որ այս տարի տարեդարձին հատուկ չի պատրաստվել: Օրն անցկացրել է ընկերների և մտերիմ բարեկամների միջավայրում:

«Քանի որ ակումբում եմ աշխատում, ամեն տարի ծննդյանս օրը սկսվում է գործընկերներիս հետ: Ինչպես նախորդ տարիներին՝ այս տարի նույնպես նրանք ինձ համար հաճելի անակնկալ էին պատրաստել: Տասներկուսը խփելուն պես՝ տորթով, շամպայնով ու ծաղիկներով շնորհավորեցին ինձ»,- նշել է հոբելյարը, ով տոնական երեք տորթ է ունեցել:

«Տոնական տորթն, ըստ իս, պետք է օրվա հերոսի ճաշակով լինի: Ես մեկ տորթ իմ ցանկությամբ գնել էի, երկուսը՝ նվեր ստացել: Մոմերը փչելիս երբեք երազանք չեմ մտապահում: Ռեալ կյանքով եմ ապրում, ունեմ ցանկություններ, ու ամեն բան անում եմ դրանք իրականացնելու համար»,- HayFanat.com-ին ասել է Օլգան:

Խոսելով ստացած նվերներից՝ երգչուհին հավելել է. «Նյութապաշտ չեմ: Երբեք չեմ կարևորել նվերի արժեքը: Ամենաթանկ նվերը, որ երբևէ ստացել եմ դա շունիկս է»:

Հետադարձ հայացք գցելով ապրած տարիներին՝ Օլգան նշել է, որ կյանքի ամենալուրջ ձեռքբերումը մտերիմ ընկերներն են:

Օլգայից տեղեկացանք, որ ստեղծագործական կյանքում շուտով նորություններ են սպասվում: ԱՄռանը երգչուհին նոր երգով ու տեսահոլովակով կներկայանա երկրպագուներին:

HayFanat.com-ը միանում է շնորհավորանքներին՝ երգչուհուն ցանկանալով նորանոր հաջողություններ: