«Ուրախ եմ, որ միասին անցանք այս ճանապարհը». Իվետա Մուկուչյանը հայրենիքում է

«Եվրատեսիլ-2016»-ին Հայաստանը ներկայացնող երգչուհի Իվետա Մուկուչյանն արդեն հայրենիքում է: Երգի ամենամյա մրցույթում 7-րդ հորիզոնականը զբաղեցրած երգչուհին իր շնորհակալկան խոսքն է հղել համայն հայությանը՝ իրեն սատարելու և իր օգտին քվեարկելու համար:

«Ամենաջերմ շնորհակալական խոսքերս եմ հղում իմ հայրենակիցներին, սփյուռքում ապրող հայերին, բոլոր-բոլորին, ովքեր քվեարկել են Հայաստանի օգտին, ովքեր եղել են իմ կողքին այս ողջ ընթացքում։ Ուրախ եմ, որ միասին անցանք այս ճանապարհը, երջանիկ եմ, որ միասին անցանք այս ընթացքը։ Ես իսկապես ուժեղ եմ Ձեզնով:

 Շնորհակալ եմ նաև Շվեդիայում Հայաստանի դեսպան Արտակ Ապիտոնյանին և դեսպանատան աշխատակիցներին՝ ցուցաբերած ուշադրության և սրտացավության համար»,- գրել է Հայաստանի պատվիրակը: 

Հիշեցնենք, որ Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում անցկացված «Եվրատեսիլ- 2016» երգի մրցույթում հաղթել է Ուկրաինան ներկայացնող Ջամալան: